Վանի թագավորության տնտեսությունը, մշակույթը, պետական կարգը

Գյուղատնտեսություն և արհեստներ

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։ Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։

Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։ Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։

Քաղաքաշինություն

Վանի թագավորությունը եղել է զարգացած քաղաքների երկիր, որոնց մի մասը ձևավորվել է բերդերի և ամրոցների շուրջը։ Տուշպան, Էրեբունին, Արգիշտիխինիլին, Թեյշեբաինին և այլն պեղվել են հնագետների կողմից։ Նշանակալից թիվ էին կազմում բերդ-քաղաքները, որոնց՝ քաղաքի վրա իշխող բարձրադիր վայրերում կառուցվում էր հզոր միջնաբերդը՝ պարսպապատված 2-3 շարք պարիսպներով։ Միջնաբերդի շուրջը փռված քաղաքը մեծ մասամբ նույնպես պարսպապատում էին։ Քաղաքները կառուցապատվում էին հատուկ նախագծով, որի արդյունքում նրանք ունեին ուղիղ և զուգահեռ փողոցներ։ Միջնաբերդում կամ ամրոցում բնակվում էր մարզային կառավարիչը՝ իր սպասավորներով և զինվորներով։ Այդ մասում կային նաև արհեստանոցներ ու մառաններ։ Սակայն արհեստավորների մեծ մասը բնակվում էր պարսպապատ քաղաքի տարածքում։ Քաղաքային բնակելի տները բազմատեսակ էին՝ խրճիթներից սկսած մինչև ընդարձակ բնակարաններից բաղկացած շենքերը։

Նվաճված երկրներում բերդաքաղաքները ծառայում էին որպես տնտեսական և ռազմական հենակետեր։ Այստեղ էին կուտակվում արշավանքների ժամանակ ձեռք բերված ավարը և բնակչությունից գանձված հարկերը՝ հացահատիկը, պտուղը և անասունները։

Քաղաքներում գտնվում էին Խալդի աստծո կամ տվյալ քաղաքի հովանավոր աստծո մեհյանները։ Ինչպես ասվել է, Մուծածիրի Խալդի աստծու նշանավոր մեհյանը նախատիպն է Գառնիի և համանման տաճարների։ Տաճարների մյուս տեսակը հայտնի է եղել աստծու դարպաս անունով։ Որպես շինանյութ ծառայել են քարը, աղյուսը (մեծ մասամբ չթրծված) և փայտը։ Շինությունները ծածկվում էին երկար ու հաստ գերաններով։ Ամրոցի աշտարակները և տաճար-մեհյանները կառուցելիս օգտագործվում էր տաշած քարը։

Կերպարվեստը

Հմուտ վարպետների ձեռքերով պալատների և տաճարների պատերը ներսից ծածկվում էին գունավոր նկարներով, որոնց մեջ հանդիպում էին ոչ միայն աստվածների, այլև կենդանիների պատկերներ։ Սովորաբար նկարները եզերվում էին գեղեցիկ զարդանախշերով։ Հանդիպում են բարձրաքանդակներ, ինչպիսին էր Թեյշեբա աստծու քանդակը։ Պահպանվել են մետաղից, քարից ու եղջյուրից պատրաստված աստվածների, կենդանիների ու մարդկանց բազմաթիվ մանր արձաններ։ Վանյան թագավորների կամ զորապետերի բրոնզե սաղավարտները, վահանները և կապարճները (նետաման) զարդարվում էին հոյակապ բարձրաքանդակ պատկերներով։ Պատկերների մեջ հանդիպում էին մարտակառքեր ու հեծյալներ, առյուծներ ու ցուլեր, քրմեր ու թևավոր ինչ-ինչ էակներ։

Լեզուն և սեպագրությունը

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի բան 600 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։ Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։

Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Հայերենի ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր, ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։

Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ կամ դապ, զիլ, կուռ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից, օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Կամ գրում ենք § և կարդում պարագրաֆ։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։ Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։

Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։

Կրոնը և աստվածների պանթեոնը

Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։ «Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք՝ իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։

Պետական կարգը, բանակը

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։ Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը իրականացնում էր նրա անունից։

Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու Նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar