Կենսաբանություն (հուն․՝ βιολογία; հին հուն․՝ βίος՝ կյանք և λόγος (լոգոս)՝ գիտություն), բիոլոգիա, բնական գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, գործառույթը, զարգացումը և էվոլյուցիան։ Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են, բայց կան նրանց միավորող մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանուր են բոլոր կենսաբանական գիտությունների համար։ Ժամանակակից կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ՝ բջջային տեսությունը, ըստ որի՝ բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը, էվոլյուցիոն տեսությունը, գենային տեսությունը, ըստ որի՝ գենը համարվում է ժառանգականության հիմքը, էներգիայի սպառման և ձևափոխման սկզբունքը և հոմեոստազը։

Կենսաբանության բնագավառները բաժանվում են ըստ կյանքի կազմավորման մակարդակների, հետազոտվող օրգանիզմի տեսակի և հետազոտման մեթոդի՝ կենսաքիմիան, որը, օրինակ, ուսումնասիրում է կյանքի քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը՝ կենսամոլեկուլների միջև բարդ փոխհարաբերությունները, բջջաբանությունը՝ կյանքի պարզագույն միավորը՝ բջիջը, ֆիզիոլոգիան՝ հյուսվածքների, օրգանների և օրգան համակարգերի ֆիզիկական և քիմիական հատկանիշները, էկոլոգիան՝ օրգանիզմների և միջավայրի փոխազդեցությունը, էվոլյուցիոն կենսաբանությունը՝ գործընթացները, որոնք ապահովում են կյանքի բազմազանությունը։