Հայաստանի և հայերի մասին գրավոր հիշատակություններ

Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանական, լեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ։Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույները, սլավոնները, ֆրանկները և պարսիկները։Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar